Քոլեջի մասին

Հայաստանում Ֆրանսիական Քոլեջ

«Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 2012թ. ՀՀ ԿԳ նախարարի միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման հավաստագրի /լիցենզիայի/ հիման վրա: Քոլեջի գործունեության հիմնական նպատակը ֆրանսիական կրթական համակարգի առաջավոր փորձի, ժամանակակից նորարական ծրագրերի, ֆրանսիական ու եվրոպական միջին մասնագիտական կրթական չափանիշների ներդրումն է Հայաստանում։ Քոլեջն իրականացնում է առցանց ուսուցում հետևյալ մասնագիտությունների գծով․

  • 0411․01․05 – Հաշվապահական հաշվառում»` հաշվապահի որակավորմամբ,
  • 0412․01․5 – Ֆինանսներ՝ ֆինանսիստի որակավորմամբ,
  • 0412․03․5-Ապահովագրական գործ՝ գործակալ՝ ապահովագրական գործի որակավորմամբ,
  • 0413․01․5 – Մենեջմենթ/ Կառավարում՝ մենեջեր՝ առևտրի որակավորմամբ,
  • 0414․01․5 – Շուկայաբանություն՝ մարկետոլոգի որակավորմամբ,
  • 0613․01․5 – Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում՝ տեխնիկ-ծրագրավորողի որակավորմամբ:

Քոլեջում ուսումնառության տևողությունը 3 տարի է՝ բացառությամբ «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության (4 տարի ուսուցմամբ)․ ավարտելով մեր ուսումնական հաստատությունը՝ սովորողներն ստանում են պետական նմուշի միջին մասնագիտական դիպլոմ՝ համապատասխան որակավորմամբ։

Ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննությունների, մրցութային հիմունքներով՝ հաշվի առնելով հիմնական կրթության վկայականների միավորները (այդ թվում՝ տվյալ մասնագիտության համար առաջնային համարվող քննական առարկաների գնահատականները)։  Ընդունելությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ Նախարարի հրամանով սահմանված ժամկետներում։ Դիմում հայտերը ներկայացվում են «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» մշակած  կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (dimord.emis.am) առցանց տարբերակով։ Այն իր մեջ ներառում է անձնական տվյալներ (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), Հանրային ծառայության համարանիշ կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնվում են՝

  • լուսանկար,
  • 4 լուսանկար (3×4 չափսի)
  • կրթության մասին էլեկտրոնային փաստաթուղթը,
  • անձը հստատող փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը (անձնագիր կամ ծննդյան վկայականը՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
  • կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
  • միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոնների) դիպլոմները (առկայության դեպքում)
  • հաստատության հաշվեհամարին կատարված 1000 (հազար) ՀՀ դրամ վճարի բանկային կտրոն։

«Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամը կազմակերպում է հանրակրթական հաստատությունների 9-րդ դասարանի աշակերտների համար նախապատրաստական դասընթացներ, որոնք թույլ են տալիս աշակերտներին պատրաստվելու դպրոցական ավարտական քննություններին և Քոլեջ ընդունվելուն։

Քոլեջում գործում է կրեդիտային համակարգ։ Ուսուցման ընթացքում ուսանողները գնահատվում են 20 միավորանոց համակարգով։ Յուրաքանչյուր առարկայի դասընթաց ավարտվում է ստուգարքներով կամ քննություններով։ Ուսոմնական գործընթացի ավարտական փուլը պետական ամփոփիչ քննություններն են, որոնց նպատակն է որոշել շրջանավարտների մասնագիտական որակավորման մակարդակը՝ պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան։ Ուսուման ավարտին շրջանավարտներին շնորհվում են պետական նմուշի գերազանցության և ոչ գերազանցության դիպլոմներ։ Գործունեության 10 տարիների ընթացքում Քոլեջը տվել է 717 շրջանավարտներ, ովքեր իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են Հայաստանի և արտերկրի լավագույն բուհերում։

«Հայաստանում Ֆրանսիական քոլեջ» հիմնադրամը բարձր արդյունավետությամբ  կազմակերպում է ուսանողների մասնագիտական պրակտիկան Հայաստանի առաջադեմ կազմակերպություններում, ինչպիսիք են «Ռոսգոսստրախ Արմենիա», «Նաիրի ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս», «Սիլ ինշուրանս» ապահովագրական կազմակերպությունները, «Քարֆուր»  և «ՍԱՍ» սուպերմարկետները, «Կոկա Կոլա» ընկերությունը, «Բրեվիս» մարկետինգային կազմակերպությունը, «ԱԿԲԱ» բանկը, «Յունիբանկը», «Ամերիա բանկը»,  հաշվապահական և իրավաբանական առաջատար կազմակերպություններ, որտեղ առավելագույնս արդյունավետ կազմակերպվում է ուսանողների նախաավարտական և ուսումնական պրակտիկան, որն էլ հնարավորություն է տալիս անցնել աշխատանքի լավագույն կազմակերպություններում։

«Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամը համագործակցում է ինչպես հանրապետությունում, այնպես էլ օտարերկրյա բազմաթիվ կրթական կառույցների հետ։ Մասնավորապես «Ալյանս Ֆրանսեզի», «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի, «Հայաստանում Եվրոպական համալսարան» հիմնադրամի, «Եվրոպական օտար լեզուների ինստիտուտի», «Եվրոպական բիզնես դպրոցի», «Էկլիա» և «Հիբրիա» միջազգային բիզնես դպրոցների, «Էմանուել Դ՝Ալզոն» համալսարանի հետ։  

«Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամի Կոմունիկացիայի և հասարակայնության հետ կապերի բաժինը, կարևորելով մասնագիտական կրթության ժամանակակից պայմաններում արհեստավարժ և գրագետ հաղորդակցությունն ու վարվելակերպը, ստանձնել է պարտականություն՝ ուսանողների հետ իրականացնել ուսուցողական աշխատանքներ (հանդիպում, զրույց, դասընթաց), որոնք կհամապատասխանեն կոնկրետ նպատակներին և գործնական կիրառություն կգտնեն նրանց կյանքում: Կազմակերպվում են սոցիալական, հասարակական, կրթական համալիր զարգացմանն ուղղված ամենատարբեր բնույթի հանդիպումներ, մրցույթներ,միջոցառումներ, մշակութային  աշխատանքներ: Գիտակցելով այն հանգամանքը, որ սոցիալական ցանցերը ներմուծվել են մարդկային գործունեության յուրաքանչյուր ոլորտ և հանդիսանում են արդիականացված հասարակության անբաժանելի մաս՝ Քոլեջը ևս կարևորում է կրթական համակարգի համար դրանց անհրաժեշտությունը և նորարարությունը: Ֆեյսբուկ սոցիալական ցանցում լուսաբանվում է քոլեջի առօրյան, զետեղվում են տեղեկատվություն, նորություններ, լուսանկարներ և վիդեո նյութեր, ինչպես նաև պարբերաբար հրապարակվում են հեղինակային թողարկումները: